ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Էրդողանը` պատի տակ

Էրդողանը` պատի տակ
20.03.2015 | 11:57

Բոլոր երկրներն են էլ իրենց պատմության հետ խնդիրներ են ունենում, կյանքը միայն հաղթանակների ու հաջողությունների դիպաշար չէ ոչ մարդու, ոչ պետության կյանքում: Լինում են սխալներ, կորուստներ, պատերազմներ, պարտություններ, պետությունը դադարում է գոյություն ունենալ, բայց կյանքը շարոնակվում է, ու եթե կա մարդը և կա հողը, նոր պետություն է ստեղծում հողի վրա: Մարդու և կենսատարածքի գոյությունը պարտադիր պայման է պետության համար: Օսմանյան բազմազգ կայսրության երիտթուրք ղեկավարները հիանալի հասկանում էին, որ օսմանյան պետություն ստեղծելու համար տարածքի վրա պիտի ապրի օսմանցին և պիտի վերանա բնիկ տարրը՝ հայն ու հույնը: Նրանք ունեցան կարճ ժամանակ՝ սուլթան Աբդուլ Համիդին իշխանազրկելով 1908-ին և Սահմանադրություն հռչակելով՝ նրանք պետական նոր հեղաշրջմամբ իշխանազրկեցին նաև Իթթիլաֆին ու իշխանության եկան 1912-ին: Նրանց ամբողջ իշխանության նպատակը Օսմանյան կայսրությունը ժամանակակից պետություն դարձնելն էր, որի տարածքները պիտի ծավալվեին մինչև Թուրքմենստան: Իսկ հայերը սեպի պես խրված էին Մեծ Թուրանի ճանապարհին: Մինչև պատերազմը նրանք լուծում էին հայերին օրենքով հողազրկելու խնդիրը, որից հետո ապրուստի միջոցների որոնումով՝ հայերը պիտի հեռանային իրենց հայրենիքից՝ ըստ երիտթուրքերի քաղաքականության տրամաբանության: Շատերը հեռացան այդ տարիներին, բայց ոչ այնքան, որ տարրալուծվեին ու անհետանային: Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերին պետք էր ոչ այնքան արտաքին քաղաքական, որքան ներքին՝ օսմանյան հայրենիք ստեղծելու համար: 1919-ին թուրքական ռազմական դատարանը մահվան դատապարտեց Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին ու դոկտոր Նազըմին՝ 1335-ի թեհմուզի 5-ին` 1919-ի հուլիսի 5-ին: Իր նախորդներից սահմանազատվելը պետք էր իշխանության եկած Մուստաֆա Քեմալին՝ արտաքին աշխարհի աջակցությունը ստանալու համար, բայց Հայոց ցեղասպանությունը երիտթուրքերով չավարտվեց ու շարունակվեց մինչև 1923՝ արդեն Արևելյան Հայաստանի տարածք մտնելով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը այս ամենը հիանալի գիտի, ավելի շատ տեղեկություններ ունենալով ու ավելի լավ հասկանալով իր ցեղի էությունը: Ինչո՞ւ է նա ճչում, որ հայերի ցեղասպանություն չի եղել: Որովհետև եթե ընդունի, Թուրքիայի ներկա Հանրապետությունը պարզապես փլուզվելու է իբրև պետական միավոր: Թուրքիայի նախագահը բոլոր միջոցներն օգտագործում է՝ պահպանելու պետությունն այն տեսքով, ինչ կա՝ տարածքով, տնտեսությամբ, բնակչությամբ, Թուրքիայի քաղաքացու, բայց ոչ որևէ ազգի կամ կրոնի պատկանելության կարգավիճակով ու անցյալի պատմության պետականորեն հաստատված ներկայացումով: Իսկ պետական ընկալումը տվել են դեռ Թալեաթն ու Ջեմալը՝ պատերազմ էր, հայերն անցնում էին ռուսների կողմը, ապստամբում էին ու կոտորում էին օսմանցիներին, զոհերը երկու կողմերից հավասար են ու եթե ավելի շատ ուսումնասիրվի՝ կպարզվի, թուրքերի զոհերն ավելի շատ են: Սա է պատմության թուրքական տարբերակը ու սա են «ապացուցելու» թուրքական արխիվները, որ 100 տարում կուտակել են միայն հայերի կազմակերպած կոտորածների փաստաթղթեր ու իսպառ վերացրել են երիտթուրքերի հրամաններն ու հեռագրերը, վիլայեթներից ստացված տեղեկությունները սպանված գյավուրների թվաքանակի, տեղահանության, տեղաշարժի, սպանությունների մանրամասների մասին: ՈՒ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դա գիտի, հետևաբար կարող է իրեն թույլ տալ Օսմանյան արխիվի շենքում կազմակերպել «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիում ու ցուցահանդես, այնտեղ ելույթ ունենալ ու ի լուր աշխարհի բացատրել, որ «Պատմության ամեն փուլում տեղի ունեցածի նման՝ այս մեծ պատերազմի ընթացքում էլ ցավեր ու ողբերգություններ են տեղի ունեցել: Դրանից միայն հայերը չէ, որ ազդվել են: Բալկաններում, Կովկասում էլ պատմության ամենամեծ կոտորածներն են տեղի ունեցել մուսուլմանների դեմ»: Բայց Էրդողանը երիտթուրքերի ժառանգը չէր լինի, եթե չասեր. «Սփյուռք, Հայաստանի ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանիր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»: «Համեցեք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանիր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»: Սա նույն ճանապարհն է, որ սկսել են երիտթուրքերը ու շարունակում է Էրդողանը՝ հաստատելով, որ Թուրքիայի ներկա Հանրապետությունը իրականում իրավահաջորդն է երիտթուրքերի ստեղծած ու Մուդրոսի հաշտության պայմանագրով վերացած, Մուստաֆա Քեմալի ձեռքով վերստեղծված պետության, որտեղ ամեն ինչի հիմքում եղել է կայսրության քրիստոնյա հատվածը՝ նրանց են սպանել՝ տարածք ունենալու համար, նրանց ունեցվածքն են խլել ու յուրացրել՝ տնտեսություն ու բարեկեցություն ստեղծելու համար, նրանց սպանությունն ու ունեզրկումն են ուրացել՝ օսմանյան միասնությունն ապահովելու համար: Խոստովանեն՝ միասնությունը փլվելու է: Խոստովանեն՝ փոխհատուցումը պահանջվելու է, խոստովանեն՝ մեղքը պիտի ընդունեն: Չի կարող Թուրքիայի նախագահը այդքանի բեռի տակից դուրս գալ և իբրև իսկական թուրք նրան մնում է ստել, զրպարտել ու վախեցնել: ՈՒ հավարտ իր լացացնող ելույթի հայրենակիցներին զգուշացնել, որ հայերի նպատակը Թուրքիայի վրա հարձակվելն ու երկրին վնաս հասցնելն է: Իսկ դա վերջին փաստարկն է, որովհետև յուրաքանչյուր թուրքի գենի մեջ նստած է սարսափը գյավուրներից, որովհետև իրենք եկել ու մտել են նրա տունը ու նրան իր տան մեջ սպանել են, որովհետև եթե հայի ձեռքին զենք է եղել, տունը պաշտպանել է: Յուրաքանչյուր թուրքի ենթագիտակցության մեջ արդար հատուցման ժամը ֆիքսված է, մնում է ենթագիտակցությունից հասնի գիտակցություն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համենայն դեպս՝ մի փաստաթուղթ Թուրքիայի «մաքրված» ու անվտանգ դարձած արխիվներից.


ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՊԱՇՏՈՆԱԳԻՐ ԹՈՒՐՔԻՈ ԻԹԹԻՀԱԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿԱԼՆԵՐԻՆ, ԳԱՎԱՌԱՊԵՏԵՐԻՆ ԵՎ ԳԱՎԱՌԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Վսեմաշուք կուսակալներ, բարձրապատիվ գավառապետեր և գավառակների ու գյուղախմբերի պատվելի տնօրինություն
Ձեզ ծանոթ են այն անողոք քաղաքական պատուհասները, որոնց հարկադրանքի տակ Օսմանյան հզոր կառավարությունն ու Թուրք մեծ ազգը Գերմանիայի ու Ավստրիայի գործակցությամբ պատերազմի մեջ մտավ «Եռյակ դաշինքի» դեմ:
Ճակատագրական այս կռվից, ալլահի օգնությամբ, հաղթական դուրս գալու համար կրկնում ենք, որ ամեն իսլամ ու թուրք, միևնույն սրբազան տեսիլքից մղված և մեկ մարդու պես պետք է կանգնի վատ ու անհավատ թշնամիների դեմ և նեցուկ դառնա մեր քաջ ու իմաստուն վարիչներին ու մեր բանակին, որ այնքան հերոսաբար կուրծք է տալիս ծովերի ու ցամաքի վրա՝ հաղթական կռիվ մղելով նենգ թշնամիների դեմ:
Դիվանագիտությունը նկատի առնելով այս պատերազմի բնույթն ու ելքը, մեզ համար նպաստավոր թե աննպաստ լինի, դիտել ու պատմականորեն ապացուցել է, որ մեր դեմ կռվող և առաջին անգամ իրար հետ միացող Ռուսիո և Անգլիո պետությունները որևէ ժամանակ չեն կարող համաձայնել մեր նվիրական հողերը, այն հողերը, որոնց համար դարերով այդ երկու պետություններից մեկը կամ մյուսը զինակցեցին մեզ հետ և իրար դեմ պաշտպանեցին մեր հողը մեր անունից, որովհետև ծովերի թագուհի Ստամբուլը և Հնդկաստանի ցամաքային ճամփին արևելյան նահանգները կան, որոնց գրավումը մեկի կողմից մյուսի մահն է, մանավանդ Անգլիո:
Հաղթանակի պահին նրանք կարող են համաձայնել երրորդ իրավատիրոջ անունով միայն, փնտրելով մի ժողովուրդ, որ կկարողանա իրենց շահերին ծառայել, որի անունից իրենք կկարողանան խոսել:
Երրորդ իրավատեր այդ ժողովուրդը միայն ՀԱՅԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ: Ալլահը թույլ չտա, մեր պարտության հաջորդող հաշտության բանակցություններում ինքնին առաջ պիտի գա «Հայկական հարցը», որ արդեն կես դար միջազգային հանգամանք է առել և սպառնալից ցցված է մեր կրծքին:
ՈՒրեմն մեր հայրենիքը, ազգը, պետությունը և կրոնը այդ հավանական մեծ վտանգի դեմ պաշտպանելու համար իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առաջադիմություն» կոմիտեն միասնական ուժով, ինչ էլ պատահի հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմի մեզ բերած այս անկախությունից, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել նրան, բնաջնջել անհարազատ այդ տարրը՝ համաձայն արված մեր գաղտնի հրահանգին:
Այս ծրագրի գործադրության համար պատրվակ են ծառայում.
Ա. Թշնամի բանակների մեջ ծառայող հայ կամավորական ուժերը:
Բ. Երկրի ներսում գոյություն ունեցող կուսակցությունները, որոնք կազմակերպվել են մեր բանակին թիկունքից խփելու համար:
Գ. Մայր հողի ամեն կողմերից ձեռքբերված ու բռնված անթիվ, անհամար զենքերն ու ռազմանյութերը:
Արդ, կառավարությունն ու Իթթիհադի մեծ կոմիտեն կոչում են ձեզ հայրենասիրության և հրամայում են ձեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերով աջակցել «Միություն և առաջադիմության» տեղական մարմիններին, որոնք ապրիլի 24-ի արևածագից սկսած, գաղտնի ծրագրի համաձայն, գործադրության են դնելու այս հրամանը:
Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին, չի տրամադրվի իրեն հանձնված այս պարտականության կատարմանը, կամ որևէ ձևով այս կամ այն ՀԱՅԻՆ պաշտպանելու կամ պահելու փորձ կանի, հայրենիքի ու կրոնի թշնամի պիտի նկատվի ու ըստ այդմ էլ պատժվի: Բացառություն են միայն գաղտնի հրահանգի տրամադրությունները լրացնողները:


ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐ ԹԱԼԵԱԹ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԷՆՎԵՐ
«ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴՈԿՏՈՐ ՆԱԶԸՄ
15 ապրիլ, 1915 (15 բերբյուլ ախըր 1331 հիհրեթի)

Դիտվել է՝ 2217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ